Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Անկանխիկ գործարքները՝ լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում

11.03.2020
Անկանխիկ գործարքները՝ լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում

  Բրիտանական The Telegraph-ի հետ զրույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչը բնակչությանը հորդորել է հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ թղթադրամների կիրառումից՝ որպես կորոնավիրուսի հնարավոր փոխանցման միջոցի, և անցնել անկանխիկ վճարումների: Միանալով ԱՀԿ սույն հորդորին, Հայաստանի բանկերի միությունը ներկայացնում է տեղեկատվություն Հայաստանում անկանխիկ գործարքների աճի միտումների վերաբերյալ:

  2019թ-ին վճարային քարտերով կատարվել է շուրջ 65 մլն գործարք, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 34.5%-ով: 2019թ-ին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 2 344 մլրդ ՀՀ դրամ, աճը՝ 21.3%: Վճարային քարտերի գործածության ծավալների աճի հետ միասին 2019թ-ին փոփոխվել է անկանխիկի և կանխիկի համամասնությունը.   քանակական առումով կանխիկ և անկանխիկ գործարքների քանակը գրեթե հավասարվել է: Բոլոր գործարքների 52%-ն իրականացվել է կանխիկ, իսկ 48%-ն՝ անկանխիկ: Մասնավորապես՝   2019թ-ին կանխիկ գործարքների քանակը կազմել է շուրջ 34 մլն, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 11.5%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 31 մլն՝ աճելով 72,9%-ով: Պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների ծավալը 2019թ-ին  կազմել է   602 մլրդ դրամ, աճը՝  52%:

  Այս դինամիկան թերևս վկայում է այն մասին, որ  բնակչության մոտ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունն ու վստահությունն այս վճարման միջոցների հանդեպ:   

  Անկանխիկ գործարքներ կատարելու մշակույթի ամրապնդման մասին է  վկայում նաև   POS-տերմինալներով և ինտերնետ միջավայրում կատարված գործարքների քանակական և ծավալային  աճը: POS-տերմինալներով կատարված գործարքների ծավալն ավելացել է 17.1%-ով, ինտերնետ միջավայրում  աճը կազմել է 53%: Նախորդ տարի POS-տերմինալներով կատարված գործարքների քանակն աճել են 60.6%-ով, իսկ ինտերնետ միջավայրում՝ 74.5%-ով:

Անկանխիկ գործարքների ծավալի աճն, ի թիվս այլ միջոցառումների, պայմանավորված է նաև առևտրի և սպասարկման կետերում POS-տերմինալների  քանակի աճով: 2019թ-ին դրանց թիվը 8796–ից հասել է 10503-ի։

Հարկ է նաև նշել, որ  ընթացիկ տարում ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է կանխիկ շրջանառության կրճատում՝ հարցը դիտարկելով որպես ռազմավարական խնդիր:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում վճարումներ կատարելիս նախապատվությունը տալ անկանխիկ գործարքներին՝ ներկա պայմաններում այն կիրառելով նաև որպես լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:

 

 

Հայաստանի բանկերի միության

հանրային կապերի ծառայություն